Գլխավոր Ավելին

Ոտնաթաթի առաջին մատի դեֆորմացիա. վիրահատությունից 3 ամիս անց արդյունքը տեսանելի է և գոհացուցիչ

47-ամյա պացինետը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով հոդի շրջանում այտուցից, առաջին մատի ծռվածությունից դեպի դուրս, քայլելիս ցավից, տհաճ զգացողությունից: Նրա մոտ ախտորոշվել է աջ և ձախ ոտնաթաթերի առաջին մատերի վալգուսային դեֆորմացիա:

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի միկրովիրաբուժության ծառայության ղեկավար օրթոպեդ-վնասվածքաբան Արթուր Մամբրեյանի, ասիստենտ Կարլեն Օհանյանի կողմից կատարվել է առաջին մատի կարճ ծալիչի հատում, ոսկրային բունիոնի ռեզեկցիա, կապսուլոպլաստիկա, ոսկրահատում-ֆիքսում շյուղերով:

Ընդհանուր անզգայացումն իրականացնել է անեսթեզիոլոգ Արամ Վարդանյանը:

Վիրահատությունը անցել է բարեհաջող, հետվիրահատական շրջանը ևս ընթացել է առանց բարդությունների: Թեև ամբողջական վերականգնումը տևում է մինչև 1 տարի, բայց վիրահատությունից 3 ամիս անց արդեն արդյունքը տեսանելի է և գոհացուցիչ, հիվանդը գանգատներ չունի:

 Նշենք, որ ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիան (Hallus valgus) ձեռքբերովի ախտահարում է, որը սովորաբար զուգակցվում է ոտնաթաթի առջևի բաժնի փռվածության հետ (կամ էլ դրա հետևանքով):

Հիվանդությունը դանդաղ է զարգանում, ավելի հաճախ հանդիպում է 30-50 տարեկան կանանց շրջանում:

Հստակ պատճառներ հայտնի չեն, հնարավոր պատճառներից են՝ չափից շատ նեղ կոշիկներ կրելը, ժառանգական նախատրամադրվածությունը, նաև՝ ռևմատոյիդ արթրիտը: Տվյալ պարագայում նեղ կոշիկները միայն վատթարացնում են գենետիկայով պայմանավորված այս խնդիրը:

Վալգուսային դեֆորմացիայի ախտանիշներից են՝ դեֆորմացիայի շրջանում մաշկի գրգռվածությունը, քայլելիս ցավը, հոդի շրջանում կարմրությունն ու ցավոտությունը, ինչպես նաև հնարավոր է բթամատի թեքում դեպի ոտքի մյուս մատները, բշտիկների ավելի հեշտ առաջացում դեֆորմացիայի շրջանում: Դեֆորմացիան կարելի է ախտորոշել ռենտգենագրության միջոցով:

Ըստ դեֆորմացիայի արտահայտվածության՝ Hallus valgus-ը լինում է թեթև, միջին, ծանր:

Hallus valgus-ի բուժումը լինում է կոնսերվատիվ և վիրահատական: Առաջինի դեպքում լինում է համապատասխան կոշիկների ընտրություն, օրթեզների կիրառում, դեղերի նշանակում: Կոնսերվատիվ բուժումը մեղմացնում է գանգատները, սակայն չի վերացնում դեֆորմացիան: Եթե դեֆորմացիան չափազանց շատ է անհանգստացնում պացիենտին կամ եթե կարիք կա էսթետիկ շտկում կատարելու, ապա կատարվում է վիրահատական միջամտություն:

×
facebook sharing button facebook